Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ակնաբուժական նոր ծառայություն` Տավուշի մարզում

Ակնաբուժական նոր ծառայություն` Տավուշի մարզում
09.07.2015 | 11:52

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հուլիսի 8-ին ծանոթացավ Տավուշի մարզի Իջևանի բժշկական կենտրոնում «Հայկական Ակնաբուժության Նախագիծ» բարեգործական հիմնադրամին նախաձեռնությամբ ստեղծվող ակնաբուժական նոր ծառայության գործընթացին:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ նախարարն այցելեց արտահիվանդանոցային ծառայություն մատուցող զննման սենյակ, ինչպես նաև վիրահատարան, որը նորագույն սարքավորումներով համալրվելուց հետո կգործի առաջիկայում:
Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) հիմնադիր և նախագահ Ռոջեր Օհանեսյանը ներկայացրեց նորագույն սարքավորումների հնարավորություններն ու առավելությունները: Զննման սենյակում տեղադրված սարքը «Օրանժ Արմենիա» ընկերության կողմից հագեցվել է որակյալ տեղական և միջազգային տեսակապ ապահովող տեխնիկական լուծումներով, որը հնարավորություն կտա իրականացվող վիրահատություններն անցկացնել Հայաստանի, ինչպես նաև արտերկրի փորձառու մասնագետների վերահսկողությամբ:
«Այս սարքավորումը տեխնիկայի վերջին խոսքն է, որի շնորհիվ ակնային խնդիրներ ունեցողները տեղում կստանան համապատասխան բուժօգնություն և կարիք չի լինի մեկնել մայրաքաղաք»,- նշեց Ռոջեր Օհանեսյանը: Նա ուրախությամբ փաստեց, որ Իջևանի ակնային ծառայությունն առաջին է նախանշված մարզային հինգ կենտրոններից, որը կարող է օրինակ ծառայել մյուսների համար:
ՀԱՆ հիմնադիրը և նախագահը նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության արդյունքում ծնվեց մարզերում ակնաբուժական կենտրոններ ստեղծելու գաղափարը, որը երկար տարիների քննարկումների և նախաձեռնած քայլերի շնորհիվ ներկայումս իրականություն է դարձել: Նա վստահեցրեց, որ համագործակցությունը կլինի շարունակական, և համատեղ ուժերով բազում այլ ծրագրեր կյանքի կկոչվեն` ի նպաստ առողջապահական համակարգի զարգացման: Ռոջեր Օհաննեսյանը նոր ծառայության ստեղծման գործընթացում անմիջական մասնակցության համար բարձր գնահատեց ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի կատարած աշխատանքը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց ՀԱՆ-ի ողջ անձնակազմին և միջոցառմանը ներկա բարերարների ընտանիքի ներկայացուցիչ Պիտեր Բոյաջյանին` Իջևանում ակնաբուժական ծառայություն ստեղծելու գաղափարը կյանքի կոչելու և հայրենասիրական աշխատանքի միջոցով մարզերում բուժօգնությունը հասանելի դարձելու համար:
«Նորագույն սարքավորումներով հագեցած արտահիվանդանոցային սենյակը հնարավորություն կտա ախտորոշման աշխատանքներն իրականացնել մարզում` հաշվի առնելով, որ թվայնացված տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր կլինի կապ հաստատել Երևանի առաջատար կենտրոնների հետ»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ ակնաբուժական ծառայության ստեղծումը համահունչ է մարզերի համաչափ զարգացման քաղաքականությանը և միտված է մարզերում բուժօգնությունը առավել որակյալ, հասանելի և մատչելի դարձնելուն:
Ընդգծվեց, որ Տավուշում նման ծառայություն ունենալը բոլորիս նվաճումն է: Տավուշի ակնաբուժական միակ մասնագիտացած ծառայության շնորհիվ մարզի յուրաքանչյուր բնակիչ նորագույն սարքավորումներով կարող է անցնել ակնաբուժական հետազոտություն և ստանալ անհրաժեշտ բուժում Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում վերպատրաստված հմուտ ակնաբույժների կողմից: Ծառայությունները մատուցվելու են ինչպես վճարովի, այնպես էլ անվճար հիմունքներով: Հատկանշական է նաև այն փաստը, որ առաջին մարզային ակնաբուժական նոր կենտրոնը տեղակայված է սահմանամերձ գոտում, ուր առավել արդիական է ակնաբուժության ծառայությունների հասանելիության խնդիրը:
Այս ծառայությունը ստեղծելու և հետագայում դրա գործունեությանը աջակցելու համար ՀԱՆ-ը բարերարների շնորհիվ ներդրել է շուրջ 700 հազար ԱՄՆ դոլար: Միջոցառման ավարտին` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Իջևանի բժշկական կենտրոնի մի խումբ բուժաշխատողների առողջապահական համակարգում բարեխիճ և անբասիր աշխատանքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բուժաշխատողի օրվա կապակցությամբ պատվոգրեր հանձնեց:

Դիտվել է՝ 1712

Մեկնաբանություններ